Վահրամաբերդի եկեղեցու մոտ հնչած կրակոցների հետևանքով կա 1 զոհ, 1 վիրավոր

Կասկածյալներից մեկը Վահրամաբերդի գյուղապետի եղբայրն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Շիրակի մարզի Վահրամաբերդ բնակավայրի եկեղեցու մոտ տեղի ունեցած վիճաբանության արդյունքում 1 վիրավոր ու մեկ մահացած տեղափոխվել են հիվանդանոց: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներից մահացածը Մարմաշեն բնակավայրի բնակիչ 31-ամյա Ա. Թառլոյանն է, իսկ վիրավորը Մարմաշեն գյուղի բնակիչ 39-ամյա Լ. Թառլոյանը, որը հիվանդանոց է տեղափոխվել «ձախ սրունք-թաթային հոդի վնասվածք» ախտորոշմամբ։
«Պարզվել է, որ դիակի վրա առկա է կրծքավանդակի դիմացի աջ հատվածի հրազենային վնասվածք։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Քննչական կոմիտե: Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում «սպանություն», «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,- գրում է կայքը։
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ օգոստոսի 9-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Վահրամաբերդ բնակավայրի եկեղեցու մոտ մի կողմից Ա․ Թառլոյանի, Լ․ Թառլոյանի և մյուս կողմից Վահրամաբերդ գյուղի բնակիչներ 36-ամյա Ս. Հովհաննիսյանի, 34-ամյա Զ. Հովհաննիսյանի, Գյումրի քաղաքի բնակիչ 37-ամյա Վ. Հովհաննիսյանի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Ա․ Թառլոյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Զ․ Հովհաննիսյանին, որից հետո վերջինս իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի միջից վերցրել է 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացանը և կրակոցներ արձակել Ա․ և Լ․ Թառլոյանների ուղղությամբ, ապա «Mercedes»-ով հեռացել դեպքի վայրից։
Նշվում է, որ դեպքի վերաբերյալ Ս. Հովհաննիսյանն արդեն բացատրություն է տվել, նա ականատես է եղել: Ըստ տեղեկությունների՝ Ս. Հովհաննիսյանը Վահրամաբերդ բնակավայրի վարչական ղեկավարն է, իսկ սպանության մեջ կասկածյալներից մեկը՝ նրա եղբայրը:
Ոստիկանները հայտնաբերել են «Mercedes»-ը, ինչպես նաև հանցագործության գործիք հրացանը: