ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Պաղեստինի ազգային վարչակազմի պաշտոնական խոսնակ Նաբիլ Աբու Ռուդինան հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատասխանատու է Գազայի հատվածում պաղեստինցիների զանգվածային սպանությունների համար՝ Իսրայելին Վաշինգտոնի աջակցելու պատճառով:
Ավելի վաղ Պաղեստինի արտակարգ ծառայությունները հայտնել էին, որ իսրայելական ինքնաթիռը երեք հրթիռ է արձակել Գազայի Ալ Թաբաին դպրոցի ուղղությամբ, որտեղ փախստականները հավաքվել էին առավոտյան աղոթքի: Նախնական տվյալներով՝ զոհվել է 100 մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Գազայի հատվածում դպրոցի ուղղությամբ հարվածի մասին՝ պնդելով, որ այնտեղ ՀԱՄԱՍ-ի մարտիկներ են տեղակայված:
«Ամերիկյան վարչակազմը պատասխանատվություն է կրում օկուպանտներին ԱՄՆ-ի ռազմական, ֆինանսական և քաղաքական աջակցության համար»,- գրված է Պաղեստինի վարչակազմի հայտարարության մեջ, որը տարածվել է ԶԼՄ-ներում:
Ամերիկյան վարչակազմը պետք է օկուպացիոն պետությանը ստիպի անհապաղ դադարեցնել ագրեսիան և մեր ժողովրդի զանգվածային սպանությունները, դադարեցնել կույր աջակցությունը, որի հետևանքով հազարավոր երեխաներ, կանայք և ծերեր են զոհվում, հավելել է Պաղեստինի ազգային վարչակազմի ներկայացուցիչը: