Մոսկվայում ցնցված են Գազայի հատվածում դպրոցին հասցված հարվածից. ՌԴ ԱԳՆ

Մոսկվայում նշել են, որ Գազայի հատվածում նման հարվածները, որոնց զոհ են դառնում խաղաղ բնակիչները, համակարգված բնույթ են կրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Մոսկվայում ցնցված են Գազայի հատվածում դպրոցին հասցված հարվածից, իսրայելական կողմին կոչ են անում զերծ մնալ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Վերահաստատում ենք մեր սկզբունքային և հետևողական դիրքորոշումը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խստագույն պահպանման անհրաժեշտության վերաբերյալ... Կոչ ենք անում իսրայելական կողմին զերծ մնալ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից։ Կարծում ենք, որ դրանք արդարացում չունեն և չեն կարող ունենալ։ Պաղեստինյան կողմի տվյալներով` միայն անցած ամսվա ընթացքում ռմբակոծության է ենթարկվել տեղահանվածների 13 կենտրոն»,-ասված է Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։
Նրա գնահատմամբ` նման ողբերգությունները խաթարում են պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրադրության ապաէսկալացմանն ու կրակի շուտափույթ դադարեցմանը, ինչպես նաև պահվող անձանց փոխանակմանն ուղղված միջազգային ջանքերը:
«Տեղի ունեցածը Գազայի հատվածում ռազմական գործողությունները դադարեցնելու և անկլավ անարգել մարդասիրական մուտք հաստատելու պահանջով ՄԱԿ-ի ԱԽ-ի և ԳԱ-ի որոշումները չկատարելու անմիջական հետեւանքն էր։ Այդ կապակցությամբ կրկին ընդգծում ենք այդ բանաձևերի անհապաղ կատարման անհրաժեշտությունը, ինչպես դա պահանջում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, ինչը թույլ կտար ապահովել հրադադարի երկարաժամկետ ռեժիմ հաստատել, անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Գազայի հատվածի բնակիչներին և պայմաններ ստեղծել հակամարտության կարգավորման ջանքերը քաղաքական - դիվանագիտական հարթություն տեղափոխելու համար»,-կարծում է նա։
Իրանը ռազմական հանցագործություն է որակել Իսրայելի հարվածը Գազայի հատվածում գտնվող դպրոցին
Ավելի վաղ Պաղեստինի արտակարգ ծառայությունները հայտնել էին, որ իսրայելական ինքնաթիռը երեք հրթիռ է արձակել Գազայի Ալ-Թաբաին դպրոցի ուղղությամբ, որտեղ փախստականները հավաքվել էին առավոտյան աղոթքի: Նախնական տվյալներով` զոհվել է 100 մարդ։