ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հույս ունի, որ թե՛ իր, թե՛ հավաքականի մյուս անդամների գոտեմարտերի վերաբերյալ արդար որոշումներ կկայացվեն։ Փարիզում լրագրողների հետ զրույցում ասաց մարզիկը՝ անդրադառնալով իր, Սլավիկ Գալստյանի և Արսեն Հարությունյանի վերաբերյալ մրցավարների կայացրած որոշումներին։
«Զգացողություն ա, որ մեր հավաքականի դեմ մի քիչ լարվածություն կա»,- ասաց Ալեքսանյանը։
Նա անդրադարձավ նաև պարգևատրումից անմիջապես հետո իր քայլին, երբ դեռ հարթակին կանգնած հանեց արծաթե մեդալը։ Նշեց՝ բողոքի նշան էր։
Մարզիկի խոսքով՝ ըմբիշ Սլավիկ Գալստյանն էլ երեկ կայացած գոտեմարտում մաքուր հաղթանակ տարավ, մրցավարն արձանագրեց այդ հաղթանակը, հետո բողոքարկումներ եղան, որոշումը փոխվեց։
«Ու Սլավիկը, որ առնվազն արծաթն ուներ, էսօր մնաց առանց մեդալի»,- նշեց Ալեքսանյանը։
Նա հույս ունի, որ արդարությունը կվերականգնվի։ Իր գոտեմարտի համար արդեն իսկ բողոքարկում է ներկայացվել, սպասում են նոր որոշմանը։
Լրագրողների հետ զրույցում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը նշեց, որ դեռևս տեսագրություններն են դիտում, շուտով որոշում կկայացնեն բողոքարկման հետ կապված։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, Արթուր Ալեքսանյանի և Սլավիկ Գալստյանի գոտեմարտերին։
Օգտվելով առիթից՝ «Սպիտակ արջը» նաև ամբողջ հավաքականի անունից շնորհակալություն հայտնեց ֆրանսահայ համայնքին աջակցության համար։ Նկատեց՝ այնքան ջերմ էին քաջալերում և ոգևորում իրենց, որ տպավորություն էր՝ հանդես են գալիս Հայաստանում, այլ ոչ թե Ֆրանսիայում։
Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը (97կգ) օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի եզրափակիչում 4։1 հաշվով զիջեց իրանցի Մոհամադհադի Սարավիին ու նվաճեց արծաթե մեդալը։