ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik․ Իրանը կողմնակից է տարածաշրջանային հաղորդակցությունների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, բայց դա պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության ներքո։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Նա ընդգծեց, որ ապաշրջափակման վերաբերյալ իրենց դիրքորոշումը շատ հստակ է։
«Եթե տեղի է ունենում ապաշրջափակում, բնական է, որ երթևեկությունը մեծանում է, աշխուժանում, բայց պետք է փոխադարձ համաձայնություն լինի այդ մասով։ Եթե պայմանավորվածություն է լինում, նշանակում է ավելի ենք մոտենում խաղաղությանը։ Սա տարածաշրջանի երկրների օգտին է։ Այն, ինչ իրականացվում է կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ, մենք կողմնակից ենք դրան»,–ասաց ՀՀ–ում Իրանի դեսպանը։
Հիշեցնենք` հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկությունների 10-րդ փաթեթը: Երևանը առաջարկությունների պատասխան փաթեթ է պատրաստում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։
ՀՀ ԱԳՆ–ն օգոստոսի 7-ին հայտնեց, որ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։