Սպանդանոցները փակ են, բայց Շիրակի ֆերմերները շարունակում են մորթը. մարզպետարան

Արխիվային լուսանկար
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի մարզում գործող 3 սպանդանոց փակվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Շիրակում շարունակում են աշխատել անասունների մորթով զբաղվող ֆերմերային տնտեսությունները, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը։
Նա նշեց, որ դրանց թվում են Արթիկի համայնքի Սարալանջ գյուղում գտնվող «Խոզուկներ» ՓԲԸ-ն, ինչպես նաև Վարդենիսի և Բանդիվանի խոզաբուծական ֆերմաները:
Ավելի վաղ «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի անդամ Մհեր Մելքոնյանը հայտարարել էր, որ Շիրակի մարզում երեք սպանդանոց չի գործում: Խոսքը Աշոցքի, Հայկաձորի և Ձորակապի սպանդանոցների մասին է։
Համայակյանը հաստատեց, որ տարբեր տարիներին կառուցված այդ սպանդանոցները ձմռանը գործում էին, բայց հիմա իսկապես փակ են տարբեր պատճառներով: Նա հավելեց, որ դրանցից յուրաքանչյուրն իր առանձնահատուկ խնդիրներն ունի, որոնք խանգարում են շարունակել անասունների մորթը։
Վերջին տվյալներով (2024 թվականի հունվարի դրությամբ- խմբ.) Հայաստանում գործում է 101 սպանդանոց։ 2023 թվականի դեկտեմբերի 6-ից ուժի մեջ են մտել մորթի կենդանիների մսի վաճառքի նոր կանոնները, որոնց համաձայն արգելվում է վաճառել սպանդանոցներից դուրս անասունների մորթի արդյունքում ստացված հումքն ու կենդանական ծագման մթերքը։ Խախտման դեպքում ամբողջ խմբաքանակը կառգրավվի և կոչնչացվի։