Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Ասադի և Էրդողանի հանդիպման համար. ՌԴ ԱԳՆ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ավելի վաղ հայտարարել էր, որ աշխատում է Էրդողանի և Ասադի հանդիպման կազմակերպման ուղղությամբ, սակայն կոնկրետ ինչ-որ բանի մասին խոսելը դեռ վաղաժամ է համարում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար Ասադի հանդիպումը կազմակերպելու համար լուրջ նախապատրաստություն է պահանջվում. Մոսկվան պատրաստ է ընդունել նման բանակցությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:
«Մենք միշտ պատրաստ ենք և՛ Մոսկվայում հանդիպումներ անցկացնել, և՛ եռակողմ ձևաչաձով։ Նկատի ունեմ երկու անմիջական շահագրգիռ կողմերի՝ պաշտոնական Դամասկոսի և Անկարայի ներկայացուցիչների հետ։ Եվ, իհարկե, մենք կապի մեջ ենք իրանցիների և իրաքցիների հետ։ Նրանք նույնպես շատ շահագրգռված են Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմամբ, ինչը դրականորեն կանդրադառնա Սիրիայում և Սիրիայի շուրջ ընդհանուր իրավիճակի վրա», - հայտարարել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան հարթակ է առաջարկել երկու նախագահների հնարավոր հանդիպման համար, Բոգդանովը հայտարարել է, որ ինքը նման տեղեկություն չունի:
Թուրքիայի և Սիրիայի ղեկավարների հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա 2-3 ամսում. ԶԼՄ
«Մենք կողմ ենք, որպեսզի ընթանա Թուրքիայի Հանրապետության և Սիրիայի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ երկու հարևան երկրների տարածքային ամբողջականության, միասնության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա», - ասել է նա լրագրողներին:
Ասադը հուլիսի 15-ին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել իր թուրք գործընկերոջ հետ, եթե դա համապատասխանի Սիրիայի ազգային շահերին:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը գործընկերների հետ կազմում է Անկարայի և Դամասկոսի հարաբերությունների կարգավորման և Թուրքիայի և Սիրիայի առաջնորդների բանակցությունների իրականացման պլանը: Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Ֆիդանը լիազորված է կազմակերպել Ասադի հետ իր հանդիպումը, գուցե նաև երրորդ երկրում: Սիրիայի ԱԳՆ-ն ի պատասխան հայտարարել է, որ Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է միտված լինի մինչև 2011 թվականը եղած իրավիճակին վերադառնալուն:
Եթե Թուրքիան պատժվեր Ցեղասպանության համար, չէր շարունակի ահաբեկչությունը Սիրիայում. դեսպան