«Մենք չենք ասել, Քսենոֆոնն է ասել դեռևս մ.թ.ա. 401 թ.». Երևանում գարեջրի փառատոն կանցկացվի

Գարեջուր
Փառատոնի նպատակն է ՀՀ–ում զարգացնել իրադարձային զբոսաշրջությունը, վերհանել հայկական գարեջրագործության ավանդույթները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik․ Երևանի Զաքյան փողոցում օգոստոսի 23–25–ը «Մենք չենք ասել, Քսենոֆոնն է ասել դեռևս մ.թ.ա. 401 թ.» խորագրով գարեջրի օրեր կանցկացվեն։ Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի մարկետինգի և խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանը։
Նա նշեց, որ փառատոնը կանցկացվի ամեն օր` ժամը 16։00–22։30–ը։
«Այս փառատոնը լավ խթան կհանդիսանա զբոսաշրջության համար, որը հնարավորություն կտա բացահայտելու մեր երկրի ինչպես գաստրո հնարավորությունները, այնպես էլ արկածային և մշակութային ոլորտները։ Սա նաև ևս մեկ հնարավորություն է բացահայտելու Հայաստանն ու հայ արտադրողներին»,– ասաց պաշտոնյան։
Կարապետյանի տվյալներով` այս տարի զբոսաշրջիկների թիվը նվազել է 5–6 տոկոսով, բայց հույս ունեն, որ օգոստոս–սեպտեմբերին այդ բացը կլրացվի նաև նման միջոցառումների ու փառատոների շնորհիվ։
Գարեջրի օրերի կազմակերպիչ «ԷվենտՏուրա» ընկերության նախագծերի կառավարիչ Լիլիթ Ծառուկյանն իր հերթին նշեց, որ իրենց նպատակն է ՀՀ–ում զարգացնել իրադարձային զբոսաշրջությունը, վերհանել հայկական գարեջրագործության ավանդույթները, շուկայում ի հայտ եկող նորությունները։
«Միջոցառումը կազմակերպվում է արդեն 3–րդ անգամ։ Նախորդ անգամներին փառատոնն անցկացվել է 2 օր, սակայն այցելուների խնդրանքով այն դարձրել ենք 3 օր։ Ընտրել ենք այնպիսի փողոց և խաչմերուկներ, որոնք այնքան էլ չեն խանգարի երթևեկությանը»,– ասաց Ծառուկյանը։
Նրա խոսքով` անցած տարի փառատոնն ունեցել է 30 հազարից ավելի այցելու, 30 տոկոսը եղել են զբոսաշրջիկները։
Միջոցառմանը կմասնակցեն հայկական գարեջրի 12 տեղական արտադրողներ, ինչպես նաև ներկրողներ։
«ԷվենտՏուրա» ընկերության նախագծերի կառավարիչ Մարիաննա Վարդանյանն ավելացրեց, որ փառատոնի օրերին լինելու են խմիչքի, սննդի, ինչպես նաև խաղերի ինտերակտիվ գոտիներ։
Փառատոնի խաղային գոտում կլինեն տեգախաղի տարբեր տեսակներ, սեղանի թենիս, ֆուտբոլի տարբեր տեսակներ։ Հաղթողները կստանան նվերներ։
Ինչպես է անցել «Ֆոնտանկա SUP» փառատոնը Սանկտ Պետերբուրգում. լուսանկարներ