ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Լիբանանի տնտեսական վիճակը կրիտիկական է և պահանջում է, որ երկրում արտակարգ դրություն սահմանվի: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս հայտարարությունն է արել Լիբանանի ֆինանսների նախարար Ամին Սալամին։
«Լիբանանի տնտեսական վիճակը շատ երերուն է և վտանգավոր, պահանջում է երկրում արտակարգ դրություն մտցնել։ Որքան ձգձգվում և ընդլայնվում է պատերազմը հարավում, այնքան տնտեսությունն ընկղմվում է անհայտության մեջ, քանի որ այն արդեն ամբողջովին սպառված է, հատկապես, եթե մենք խոսում ենք պետական հատվածի մասին», – ասել է Սալամին:
Լիբանանն արդեն մի քանի տարի է` գտնվում է ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ, որն ուղեկցվում է քաղաքական և հասարակական լարվածությամբ: Ճգնաժամի ֆոնին գրեթե ամբողջությամբ կաթվածահար է եղել բանկային համակարգը, դոլարի նկատմամբ ազգային արժույթը արժեզրկվել է ավելի քան 20 անգամ։ Բնակչության ավելի քան 70%-ը հայտնվել է աղքատության շեմից ցածր մակարդակում։
Իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվեց 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից հետո։ Իսրայելական բանակը և լիբանանյան «Հզբոլլահի» մարտիկներն ամեն օր կրակում են միմյանց դիրքերի ուղղությամբ ամբողջ սահմանի երկայնքով։