ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Հայ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը (մինչև 89 կգ քաշային կարգ) Փարիզի օլիմպիական խաղերում երկամարտի 370 կգ արդյունքով գրավեց 7-րդ հորիզոնականը:
Պոկում վարժությունում Անդրանիկն առաջին մոտեցմամբ հաջողությամբ բարձրացրեց 170 կգ–ը, սակայն հաջորդ մոտեցումներում չկարողացավ հաղթահարել 175 և 177 կգ–ները։ Երրորդ անգամ նա ծանրաձողը պահեց, բայց մրցավարները չհաշվեցին՝ մերժելով նաև մարզիչների բողոքարկումը:
Հրում վարժությունում Անդրանիկը առաջին փորձից բարձրացրեց 200 կգ, բայց հետո չկարողացավ հաղթահարել 210 կգ քաշը։ Մեդալի համար պայքարելու համար նա պատվիրեց 214, իսկ հետո՝ 215 կգ, սակայն երկու փորձերն էլ անհաջող եղան։
Հաղթեց Բուլղարիայի ներկայացուցիչ Կառլոս Մեյ Նասարը, որը 404 կգ ընդհանուր արդյունքով համաշխարհային ռեկորդ սահմանեց: