Կալիֆոռնիայում հրդեհն ավելի քան 600 շինություն է ավերել

Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ հրկիզման մեջ կասկածվողը ձերբակալված է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Ավելի քան 600 շինություն է ավերվել Կալիֆոռնիայում (ԱՄՆ) տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով, որը ստացել է Park Fire անվանումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կալիֆոռնիայի անտառային տնտեսության և հրդեհային անվտանգության դեպարտամենտին։
Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ հրդեհն ընդգրկել է ավելի քան 156 հազար հեկտար և 277 շինություն է ավերել նահանգի երկու շրջաններում:
«Ներկայումս հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է 426 528 ակր (172 610 հա)։ Երկու շրջաններում կա 636 ավերված և 49 վնասված շինություն»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ամերիկյան ԶԼՄ-ները ավելի վաղ հայտնել էին, որ հրկիզման մեջ կասկածվողը ձերբակալված է: Նրա անունը Ռոնի Դին Սթաութ է։ Նշվում էր, որ Սթաութին նկատել են Չիկո քաղաքի մոտակայքում գտնվող Բիդուել զբոսայգում, որտեղ նա այրվող մեքենան հրում էր ձորը։ Ավտոմեքենան մոտ 20 մետր գլորվել է ձորը և ամբողջությամբ այրվել, կրակը տարածվել է մոտակա տարածքում: