ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտգործնախարարությունն աջակցություն է հայտնել Վաշինգտոնի, Դոհայի և Կահիրեի` Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերին: Գերատեսչությունն այդ մասին հայտարարել է X սոցիալական ցանցում։
«Խորապես գիտակցելով հրադադարի և պատանդների ազատ արձակման կարևորությունը, երբ վտանգված են մարդկային կյանքերն ու խաղաղությունը` Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդների նախաձեռնությունը: Հուսով ենք, որ հաջորդ քննարկումների ընթացքում կարձանագրվեն շոշափելի արդյունքներ, որոնք կթեթևացնեն տուժած բնակչության վիճակը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի առաջնորդները Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը կոչ են արել օգոստոսի 15-ին Դոհայում կամ Կահիրեում վերսկսել Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները։
Երեք պետությունների իշխանությունները վերջնական առաջարկներ են կազմել, որոնք պետք է հրադադար ապահովեն։