Արաբկիրի թաղապետի խափանման միջոցը տնային կալանքից փոխվել է կալանքի

Արամ Ազատյան
Փաստաբանը դեռ չգիտի, թե ինչ հիմքով է փոխվել խափանման միջոցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի խափանման միջոցը տնային կալանքից փոխվել է կալանքի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Արթուր Պիվազյանը:
«Վերաքննիչ դատարանը երեկ որոշում է կայացրել Արամ Ազատյանի խափանման միջոց տնային կալանքը փոխարինել կալանքով»,– ասաց նա` հավելելով, որ խափանման միջոցի ժամկետը լրանում է սեպտեմբերի 3-ին։
Փաստաբանը դեռ չի ստացել դատարանի որոշումը, ուստի չգիտի, թե ինչ հիմքով է փոխվել խափանման միջոցը։
Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն հուլիսի 3-ին հայտնել էր, որ քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում, ինչի արդյունքում կան ձերբակալվածներ։
Ըստ ՔԿ–ի` անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններն իրականացվում են քրեական վարույթի շրջանակում, որը քննվում է պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում։
Հուլիսի 4-ին հայտնի դարձավ, որ Արաբկիրի թաղապետարանի գործով 8 անձի մեղադրանք է ներկայացվել, 3-ը պաշտոնյաներ են։ Մեղադրյալներից 4-ի, այդ թվում` 2 պաշտոնատար անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս պաշտոնատար անձի նկատմամբ` տնային կալանքը և գրավը` 30 մլն դրամի չափով։ Եվս 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը
Քրեական վարույթը նախաձեռնվել և քննվում է ՀՀ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու, հանցակցելու, կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության հոդվածներով։