ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատում կառուցվող մետաղաձուլական գործարան։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Մետաղագործական արտադրությունը գործարկվելու է հայ-ամերիկյան «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ ձեռնարկության կողմից։ Գործարանը մասնագիտանալու է սև մետաղների, այդ թվում՝ ամրանների, պողպատե անկյունների, խողովակների արտադրության մեջ։ Այս գերժամանակակից կառույցը խոշոր ներդրում է Հայաստանի արդյունաբերական ենթակառուցվածքում և ակնկալվում է, որ էական ներդրում կունենա երկրի տնտեսության մեջ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզում կառուցվող մետաղաձուլական գործարան
© Photo : press office of the Ministry of Economy of RA
Նախատեսվում է առաջին փուլով 30 մլն դոլարի (երկրորդ փուլով՝ ևս 40 մլն դոլարի) ներդրում կատարել, ստեղծվելու է շուրջ 300 նոր աշխատատեղ։
Նախարարը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել արտադրական կարողություններին և առաջադեմ տեխնոլոգիաներին, որոնք կկիրառվեն բարձրորակ պողպատե արտադրանքի արտադրության մեջ։
Նշենք, որ նախարարին ուղեկցել են նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը և Արարատ խոշորացված համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը։
Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզում կառուցվող մետաղաձուլական գործարան
© Photo : press office of the Ministry of Economy of RA
Հիշեցնենք, որ 2023 թ. դեկտեմբերի 14–ին ՀՀ կառավարությունը Արարատի մարզում մետաղաձուլական գործարան կառուցելու համար հողատարածք հատկացրեց շինարարության մեկնարկից 4 ամիս անց։
Ի սկզբանե Երասխում կառուցվող գործարանի շինարարության հնարավոր տեղափոխման մասին պաշտոնապես սկսեցին խոսել սեպտեմբերին, երբ Ադրբեջանը պարբերաբար կրակում էր գործարանի ուղղությամբ` թիրախավորելով նաև բանվորների կացարանը։
Գործարանի սեփականատերերն են ամերիկյան «Virtual Funding» և «CESI Global Investments» ընկերությունները («GTB Steel» ընկերության միջոցով):
Հուլիսի 14–ին նրանք համատեղ հայտարարությամբ դիմել էին Ադրբեջանին՝ զգուշացնելով, որ անզեն աշխատողների ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերսկսման դեպքում իրենք դա կդիտարկեն որպես ուղիղ հարված ամերիկյան կապիտալին: