Վերին Լարսի փակ լինելը կապված է տեխնիկական հարցերի հետ. նախարար

Վերին Լարս
ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշեց, որ անցակետում կանգնած հայկական բեռնափոխադրողների խնդիրներին բախվում են նաև այլ երկրների տնտեսվարողները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Վերին Լարսի անցակետի փակ լինելը կապված է տեխնիկական հարցերի հետ։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Լարսի փակ լինելն ավելի շատ սահմանային հարց է, նկատի ունեմ` տեխնիկական հարց է, որն ուղիղ կապված չէ Հայաստանի հետ։ Այն դժվարությունները, որոնք ունեն հայկական բեռնափոխադրողները, ունեն նաև մյուս երկրների տնտեսվարողները»,– ասաց Պապոյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հույս հայտնեց, որ Ռուսաստանն ու Վրաստանն առաջիկայում կլուծեն այդ հարցը` սահմանի թողունակության վերաբերյալ խնդիրը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի դրությամբ Վերին Լարսի ռուս–վրացական սահմանին ավելի քան 1300 հայկական բեռնատար կար, որոնք սպասում էին իրենց հերթին։