Շվեդ լողորդը հրաժարվել է մասնակցել Օլիմպիադային Սենայի ջրի որակի պատճառով

Մի քանի մարզիկներ էլ հրաժարվել են մասնակցել մրցումներին աղիքային հիվանդությունների պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Շվեդ լողորդ Վիկտոր Յոհանսոնը հայտարարել է, որ չի մասնակցի Փարիզի Օլիմպիական խաղերի 10 կմ լողին՝ Սենայի ջրի որակի պատճառով: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Dagens Nyheter պարբերականը։

«Շվեդիայի ազգային օլիմպիական կոմիտեի բժշկական թիմն ինձ խորհուրդ է տվել չմասնակցել մրցումներին։ Սա, իհարկե, ճիշտ որոշում է։ Մարզիկների առողջությունն ամենակարևորն է։ Թիմի հետ բոլոր ռիսկերը քննարկելուց հետո մենք որոշեցինք, որ լավագույն լուծումը հրաժարվելն է»,- Յոհանսոնի խոսքը մեջբերում է Dagens Nyheter-ը։

Ավելի վաղ բելգիացի եռամարտիկ Քլեր Միշելը հոսպիտալացվել էր աղիքային վարակով, ինչից հետո Բելգիայի հավաքականը հրաժարվել էր մասնակցել խառը փոխանցումավազքին: Բացի այդ, խառը փոխանցումավազքին մասնակցել հրաժարվել են նաև Շվեյցարիայի ներկայացուցիչներ Ադրիեն Բրիֆոդն ու Սիմոն Վեստերմանը՝ կրկին ստամոքսային հիվանդությունների պատճառով։