ՌԴ–ն չի արգելել ՀՀ–ից արտահանումը, իսկ ՍԱՏՄ–ն պետք է փորձի ավելի ակտիվ աշխատել. նախարար

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը. Արխիվային լուսանկար
Գևորգ Պապոյանը շեշտում է` որոշ ընկերությունների դեպքում խնդիրներ են հայտնաբերվել, բայց ամբողջ Հայաստանին չի արգելվել միրգ–բանջարեղեն արտահանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետք է աշխատի, որպեսզի թույլ չտա սանիտարական նորմերի խախտումներով սննդամթերք արտահանել Ռուսաստան։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` անդրադառնալով հարցին` արդյոք Ռուսաստանն արգելք է սահմանել իր երկիր միրգ–բանջարեղեն տեղափոխելու համար։
«Նման բան չկա։ Որոշ ընկերությունների դեպքում խնդիրներ էին հայտնաբերվել, և այդ ընկերություններին թույլ չեն տվել, բայց դա չի նշանակում, որ Հայաստանին են արգելել։ 100–ավոր ընկերություններ կան, որոնք արտահանում են, գործընթացը շարունակվում է, և ցավոք կան ընկերություններ էլ, որ նման խնդիրների առաջ են կանգնել»,– նշեց Պապոյանը։
Նա շեշտեց, որ ՍԱՏՄ–ն պետք է ավելի ակտիվ աշխատի, որպեսզի նման խնդիրներ կամ այդ խնդիրների կրկնություններ այլևս չլինեն։
Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր հայկական 16 ընկերության արտադրանքներում բուսասանիտարական խախտումների մասին և առաջարկել էր Հայաստանի սննդամթերքի տեսչական մարմնին ժամանակավորապես դադարեցնել դրանց մատակարարումները Ռուսաստան մինչև հետաքննության ավարտը:
Այդ խախտումների վերացման շուրջ բանակցություններ էին սկսել Հայաստանի սննդի տեսչության ղեկավար Արմեն Հայրապետյանը և «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը:
Վերին Լարսի փակ լինելը կապված է տեխնիկական հարցերի հետ. նախարար