ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի պետական հեռուստառադիոընկերության ռազմական թղթակից Եվգենի Պոդդուբնին ծանր վիճակում է։ Այս մասին հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը։
«Վիճակը ծանր է։ Նա ունի ծանր այրվածք, գանգուղեղային վնասվածք։ Տուժել են դիմային ոսկորները», - ասել է բժիշկներից մեկը։
Չնայած դրան, Պոդդուբնին գիտակից վիճակում է և խոսում է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գիտակցության եկած Պոդդուբնիին կուղարկեն մոսկովյան կլինիկա։ ՔԿ-ում հանձն են առել պարզել բոլոր այն անձանց, որոնք ներգրավված են լրագրողի դեմ մահափորձին։ Վերջինիս, կոմիտեի ղեկավար Բաստրիկինի հանձնարարությամբ, կպարգևատրեն գերատեսչական մեդալով:
Հիշեցնենք, որ ռազմական թղթակիցը վիրավորվել էր օգոստոսի 7-ին Կուրսկի մարզում՝ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով:
Եվգենի Պոդդուբնին ծնվել է 1983 թվականի օգոստոսի 22-ին՝ Բելգորոդում։ Նա ռազմական լրագրող է, վավերագրական ֆիլմերի և հատուկ ռեպորտաժների հեղինակ։ Պոդդուբնին ավելի քան 20 տարի լուսաբանում է ռազմական հակամարտությունները։ Աշխատել է Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Աֆղանստանում և շատ այլ թեժ կետերում: