ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրոսելը հայտարարել է, որ պատերազմական գոտիներում լրագրողների վրա հարձակումները խախտում են Ժնևյան կոնվենցիաները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Տեղեկացել ենք, որ օգոստոսի 7-ին Կուրսկի մարզում լրագրող է վիրավորվել։ Մենք փորձում ենք լրացուցիչ տեղեկություններ ստանալ: Թեև մենք չենք կարող մեկնաբանել այդ կոնկրետ միջադեպը, բայց կարևոր է նշել, որ հակամարտությունները լուսաբանող լրագրողները պաշտպանված են միջազգային մարդասիրական իրավունքով»,-հայտարարել է Թրոսելը՝ մեկնաբանելով Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը ВГТРК-ի ռազմական թղթակից Եվգենի Պոդդուբնիի վրա։
Նա ընդգծել է, որ Ժնևյան կոնվենցիաներն արգելում են ԶԼՄ-ների ներկայացուցիչների վրա հարձակումները ռազմական գործողությունների գոտիներում:
«Հակամարտության բոլոր կողմերը պարտավոր են պաշտպանել լրագրողներին և պաշտպանել նրանց իրավունքները գերի ընկնելու դեպքում, այլ ոչ թե հարձակվել նրանց վրա»,-նշել է Թրոսելը:
Հիշեցնենք` օգոստոսի 7-ի երեկոյան ուկրաինական կամիկաձե դրոնը գրոհել է այն մեքենան, որում եղել է Պոդդուբնին։ Դրանից անմիջապես հետո որոշ լրատվամիջոցներ և տելեգրամյան ալիքներ գրեցին, թե նա մահացել է։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ լրագրողը ողջ է մնացել և այրվածքներով ու վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: