ԿԽՄԿ-ն արձագանքել է Բաքվի բանտում Արցախի ղեկավարների առողջության վատթարացման լուրերին

Վերջին անգամ ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում պահվող հայերին, այդ թվում Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, այցելել են հուլիսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արձագանքել է Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների առողջական վիճակի վատթարացման մասին մամուլում հրապարակված տեղեկատվությանը։
Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի առողջական վիճակը վատացել է։
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց, որ Բաքվում պահվող հայերի տեսակցության բովանդակության հետ կապված որևէ բան ԿԽՄԿ-ն հանրային հարթակում մեկնաբանել չի կարող։
«Միակ բանը, որ կարող եմ ավելացնել, այն է, որ մեր պատվիրակների տեսակցությունների շրջանակում յուրաքանչյուր անձի հնարավորություն է տրվում կապ հաստատել իրենց հարազատների հետ»,-ասաց Ամատունին:
Նրա խոսքով` ըստ ընթացակարգի, անհանգստացնող ընթացիկ կամ ընդհանուր հարցերը, որոնք վերաբերում են բարձրացված խնդիրներին, քննարկվում են միայն իշխանությունների հետ, ինչպես նաև բանտում պահվողների ընտանիքի անդամների հետ։
Ամատունին հավելեց, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները վերջին անգամ Բաքվում պահվող հայերին տեսակցել են հուլիսին։ Կազմակերպության ուշադրության կենտրոնում եղել են և շարունակում են մնալ Բաքվում պահվող հայերի առողջական վիճակը և նրանց նկատմամբ վերաբերմունքը, պահման պայմանները։
Նշենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը այնտեղ են հայտնվել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։ Նրանց թվում են ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպտեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։
Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի վերաքննիչ բողոքը