ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության հետ համատեղ հայտնել է Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան անդամներից մեկի ոչնչացման մասին: Այս մասին հայտնում է բանակի Telegram ալիքը։
«Գազայի հատվածում հարված է հասցվել այն վայրին, որտեղ գործել է ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ահաբեկիչ Նաիլ Սահլը։ Հարվածից մի քանի օր անց ստացված հետախուզական տվյալները հաստատում են, որ նա ոչնչացվել է․.. Ավելի քան 10 տարի Նաիլը մասնակցել է այն կազմակերպության գործունեությանը, որը պատասխանատու է Հրեաստանում և Սամարիայում (Հորդանան գետի արևմտյան ափի իսրայելական անվանումը, - խմբ.) ահաբեկչական գործողությունների կազմակերպման համար», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես պնդում է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը, Սահլը զբաղվել է «ահաբեկչական բջիջների» ֆինանսավորմամբ և նրանց զենքի մատակարարմամբ`դրանով նպաստելով արևմտյան ափին Իսրայելի քաղաքացիների և ՑԱԽԱԼ-ի զինծառայողների դեմ ահաբեկչությունների իրականացմանը:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։