Բռնցքամարտիկ Դվալիի աչքը հնարավոր է եղել փրկել

Դմիտրի Դվալի
Բռնցքամարտիկի աչքը փրկելու շանսը 1% էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Թեոդոսիայում դեռահասին պաշտպանելիս աչքի լուրջ վնասվածք ստացած բռնցքամարտի Եվրոպայի և Ռուսաստանի չեմպիոն Դմիտրի Դվալիի աչքը հաջողվել է պահպանել։ Տեղեկությունը հայտնում է SHOT–ը։
Տելեգրամյան ալիքի տվյալով` բռնցքամարտիկին վիրահատել են Մոսկվայի աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտում։
«Շանսը, որ աչքը հնարավոր կլիներ փրկել, հավասար էր 1%–ի.այն լրջորեն վնասվել էր։ Բժիշկները, սակայն, արել են անհնարինը։ Նրանք բարդագույն վիրահատություն են արել և կարել են աչքի ցանցաթաղանթը։ Վիրաբույժները դեռ հստակ չեն ասում, թե հետագայում աչքն ինչ վիճակում կլինի. 1-2 ամիս անց պարզ կլինի։ Այժմ կարևոր է, որ աչքի պրոթեզի անհրաժեշտություն չի եղել»,– ասված է հաղորդագրությունում։
Վիրահատությունից հետո առաջինը նրան տեսակցության է գնացել մարզիչը` Իվան Շչելոկը։
Դվալին Թեոդոսիայում իր արարքի համար կպարգևատրվի Արիության մեդալով։
Հիշեցնենք, որ Դմիտրի Դվալին աչքի վնասվածք էր ստացել, երբ Թեոդոսիայում պաշտպանել էր մի դեռահասի, որին ծեծել էին մոտ 15 անձինք։ Դվալին մեկնել էր Թեոդոսիա, որպեսզի բռնցքամարտիկների համար վարպետության դաս անցկացներ ու հուլիսի 28-ին առավոտյան եղբոր և մարտական պատրաստության մասնագետի հետ վազքից հետո նկատել էր ծեծկռտուքը ու փորձել պաշտպանել դեռահասին։ Վիճաբանության ընթացքում մարզիկի ընկերոջ ձեռքն է կոտրվել, նրան նույնպես վիրահատել են։
ՌԴ ՔԿ ղեկավարը հանձնարարել է վերաորակել բռնցքամարտիկին ծեծի ենթարկելու գործը