ԱՄՆ-ն կարող է Մերձավոր Արևելքն օգտագործել համաշխարհային պատերազմ սկսելու համար. Լուկաշենկո

Լուկաշենկոն ընդգծել է, որ ԱՄՆ-ի կամ այլ ավանդական դաշնակիցների դեմ թշնամանքի կոչ չի անում, բայց խնդրում է չկորցնել այն, ինչ նախկինում ստեղծվել է դաշնակիցների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտավախություն ունի, որ ԱՄՆ-ն կարող է Մերձավոր Արևելքում հակամարտությունն օգտագործել նոր համաշխարհային պատերազմ հրահրելու համար: Այս մասին նա հայտարարել է ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։ Լուկաշենկոյի խոսքով՝ վերջին չորս տարվա ընթացքում ԱՄՆ գործող նախագահի (Ջո Բայդենի) օրոք որոշակի քաղաքականություն է ձևավորվել:
«Սրանք ընկերներ են, սրանք թշնամիներ են, սա շան որդի է, բայց մերն է, իսկ սա օտար է։ Իշխանությունը կփոխվի, և ամեն ինչ կլինի այնպես, ինչպես Աֆղանստանում էր։ Սա առաջին անգամը չէ։ Իշխանափոխության համար նրանց պետք է անպայման ինչ-որ պատերազմ սանձազերծել։ Աստված չանի, նրանք Մերձավոր Արևելքի հակամարտությունից կօգտվեն նոր համաշխարհային պատերազմ սկսելու համար։ Նրանք պատրաստ են դրան»,-վստահ է Բելառուսի առաջնորդը։
Լուկաշենկոն նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի կամ այլ ավանդական դաշնակիցների դեմ թշնամանքի կոչ չի անում:
«Բարեկամություն արեք և հարաբերություններ կառուցեք նրանց հետ, ով ուզում է: Բայց մի կորցրեք այն, ինչ մենք վերջին տարիներին ստեղծել ենք վստահելի համագործակցության առումով։ Դա մեծապես կախված է մեզանից՝ ուժայիններից։ Ես այդ մասին էր մտածում այդ հանդիպմանը գնալիս»,-ասել է նա։
Լուկաշենկոն հավելել է, որ ԱՊՀ երկրները պետք է հիշեն, որ իրենց նպատակներին հասնելու համար Վաշինգտոնում պատրաստ են պետական հեղաշրջումներ կազմակերպել: