Շտապօգնության մեքենան և ևս 2 ավտոմեքենա Վանաձորում վթարի են ենթարկվել. կան տուժածներ

Ըստ տեղեկությունների՝ շտապօգնության ավտոմեքենան եղել է լուսաձայնային ազդանշանները միացրած։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Վանաձոր քաղաքում «Ստեփանավան» ԲԿ շտապօգնության, «Mercedes» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները բախվել են, ինչի հետևանքով 4 անձ տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ շտապօգնության մեքենայում գտնվող` «Ստեփանավան» ԲԿ–ից տեղափոխվող բուժառուն, շտապօգնության բժիշկը, բուժքույրը և «Ford Transit»-ի վարորդն են մարմնական վնասվածքներ ստացել։
«Ըստ տեղեկությունների, շտապօգնության ավտոմեքենան եղել է լուսաձայնային ազդանշանները միացրած, սակայն այդ տեղեկությունը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պետք է ճշտվի»,– գրում է կայքը։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։