ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Ռուս լողորդ Վիտալի Կոչնևը, որը ողնաշարի վնասվածք ունի, սկսում է նախապատրաստվել Անտարկտիդայի սառցե ջրերում լողալուն, և այդ նպատակով մարզումներ է անցկացնելու Սևանա լճում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է միջոցառման կազմակերպիչ Ալեքսեյ Սվիստունովը։
«Անտարկտիկայում լողից առաջ ապագա ռեկորդակիրը մեկ շաբաթով կժամանի Հայաստան՝ մարզվելու Սևանա լճի սառը ջրերում»,-ասել է Ռուսաստանի ռեկորդների գրքի գլխավոր խմբագիր Սվիստունովը:
Հաշմանդամություն ունեցող ռուս մարզիկի՝ Անտարկտիդայի ափերի մոտ սառցե ջրերում մեկ կիլոմետր լողալու եզակի նախագիծը նախատեսվում է 2025 թվականի փետրվար-մարտ ամիսներին, նավը կուղևորվի Ուշուայայից (Արգենտինա)։ Այդ ժամանակահատվածում ջրի ջերմաստիճանը մինուս 1,7 աստիճան է լինում։
Վիտալի Կոչնևը ծառայում էր բանակում՝ հատուկ նշանակության զորքերում, բայց վնասվածք է ստացել՝ ողնաշարի կոտրվածք և հաշմանդամության առաջին խումբ: Երկար տարիների վերականգնումից հետո նա շարունակել է զբաղվել լողով, և արդեն ավելի քան 20 տարի Ռուսաստանի և աշխարհի տարբեր մրցումների և առաջնությունների մասնակից է:
Անտարկտիդայում Կոչնևի լողալը նվիրված կլինի Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին և ռուսների կողմից Անտարկտիդայի հայտնագործման 205-ամյակին: