ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Պաղեստինը պատրաստ է Իսրայելի հետ խաղաղության համաժողովի շրջանակում բանակցել վերջնական կարգավիճակի շուրջ։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիին։
«Պաղեստինի պետությունը քաղաքական տեսլական է ձևավորել ու «ճանապարհային քարտեզ» է պատրաստել, որը հավանության է արժանացել արաբական վեց պետությունների խմբի կողմից և ներկայացվել է ԱՄՆ-ի, Եվրամիության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների քննարկմանը։ Դրա հիմքում ընկած է համապարփակ քաղաքական որոշումը, որը նախատեսում է դադարեցնել Իսրայելի ներկայությունը Գազայի հատվածում», - ասել է նա։
Աբասն ընդգծել է, որ ներկայացված որոշումը ենթադրում է միջազգային խաղաղության համաժողովի շրջանակում իսրայելական կողմի հետ վերջնական կարգավիճակի շուրջ բանակցություններ սկսել որոշակի ժամանակացույցի համաձայն և տարածաշրջանային անվտանգության մեխանիզմ մշակել։
Նա նշել է, որ այդ որոշման շրջանակում Պաղեստինի ազգային վարչակազմը պատրաստ է իրականացնել իր գործառույթները Գազայի հատվածի տարածքում և պահանջում է դադարեցնել Իսրայելի կողմից բոլոր միակողմանի թշնամական գործողությունները Հորդանան գետի արևմտյան ափին ու Երուսաղեմում: