Իրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել Իսրայելին. Փեզեշքիանն ու Մակրոնը զրուցել են

Իրանի նախագահը կոչ է արել արևմտյան երկրներին դադարեցնել աջակցություն ցուցաբերել Թել Ավիվին, եթե նրանք իսկապես հետաքրքրված են տարածաշրջանային անվտանգությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Իրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել Իսրայելի հանցագործություններին: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում: Ինչպես հաղորդում են իրանական ԶԼՄ-ները, Փեզեշքիանը նշել է, որ եթե արևմտյան խաղացողներն իսկապես ձգտում են կանխել տարածաշրջանային սպառնալիքները, ապա նրանք պետք է անհապաղ դադարեցնեն աջակցություն ցուցաբերել սիոնիստական ռեժիմին, ինչպես նաև ստիպեն Իսրայելին վերջ տալ Գազայի խաղաղ բնակիչների զանգվածային սպանություններին:
«Հզբոլլահը» պատասխանել է Բեյրութին հասցված հարվածին և ԱԹՍ–ներ արձակել Իսրայելի ուղղությամբ
Իրանի նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն և արևմտյան այլ երկրներ աջակցում են մի ռեժիմի, որը չի պահպանում միջազգային իրավունքի ոչ մի նորմ: Նրա խոսքով՝ սա երկակի ստանդարտների քաղաքականություն է։
Ավելի վաղ ամերիկյան New York Times թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, պնդում էր, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին էլ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել էր, որ Թեհրանը, հետևելով միջազգային իրավունքին, իրեն իրավունք է վերապահում արձագանքելու Հանիայի սպանությանն այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ համարի:
Իրանի նախագահը հայտարարել է, որ «զավթիչ ահաբեկիչները» կզղջան Հանիայի սպանության համար