Հաղորդակցությունների վերաբացման մասին կետը հանվել է խաղաղության համաձայնագրից. ՀՀ ԱԳՆ

Բաքուն ավելի վաղ հայտարարել էր, որ այդ կետը հանվել է փոխադարձ համաձայնությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաստատել է «Զանգեզուր միջանցքի» վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հայտարարությանը։
Ավելի վաղ Ամիրբեկովը հայտարարել էր, որ փոխադարձ համաձայնությամբ խաղաղության համաձայնագրից հանվել է հաղորդակցությունների վերաբացման մասին կետը։ Նա նաև ընդգծել էր, որ այդ հարցի քննարկումը տեղափոխել են ավելի ուշ փուլ։
«Փոխադարձ համաձայնությամբ բուն խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը` պետք է ընդգծենք, որ դրանց արդյունավետ ապաշրջափակումը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության և տնտեսական զարգացման՝ ՀՀ տեսլականի և առաջմղվող օրակարգի կարևոր մաս»,– այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նա ընդգծեց, որ այդ օրակարգը լավագույնս արտացոլվել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում՝ հիմնվելով ինքնիշխանության և իրավազորության հարգման, ինչպես նաև փոխադարձության ու հավասարության վրա: