Բերքաբերի գյուղապետը հաստատել է ադրբեջանական զորքերի հետքաշումը դիրքերից մեկից

Ադրբեջանցի զինվորականները հետ են քաշվել դիրքից, այն զբաղեցրել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Տավուշի մարզի Բերքաբեր–Ղըզըլհաջիլի սահմանազատված հատվածից շուրջ 1 ամիս առաջ ադրբեջանական հենակետը հետ է քաշվել։ Այս մասին News.am–ի հետ զրույցում ասել է Բերքաբերի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանը։
Sputnik Արմենիան օգոստոսի 1-ին գրել էր, որ պաշտոնապես չհաստատված տեղեկություն կա, որ ադրբեջանցի սահմանապահները հետ են քաշվել Տավուշի մարզի Բերքաբերի դիրքերից մեկից։ Ինչպես պայմանավորվել են կողմերը՝ այն զբաղեցրել են ՀՀ ԱԱԾ սահմանապահները։
Միևնույն ժամանակ, ՀՀ ԱԱԾ–ն Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան չի մեկնաբանել տեղեկությունը։
Նշենք, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումները հետ են քաշվել այն դիրքից, որի շրջանում իրականացվում էր սահմանազատումը։