ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական անօդաչուների բեկորների ընկնելու հետևանքով Վորոնեժ քաղաքում վնասվել է ավելի քան 20 բնակարան, 38 ավտոմեքենա և 5 ոչ բնակելի տարածք: Տեղեկությունը հայտնում է Վորոնոժի քաղաքապետարանը։
Առավոտյան Վորոնեժի մարզպետ Ալեքսանդր Գուսևը տեղեկացրել էր, որ մարզում ՀՕՊ և ՌԷՊ հերթապահ միջոցները հայտնաբերել և վնասազերծել են մի քանի ԱԹՍ-ներ:
«ԱԹՍ–ների ընկնելու հետևանքով տուժել է 1 բնակիչ, նա տեղափոխվել է հիվանդանոց, վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում, առաջիկա ժամերին նա կվիրահատվի» - այժմ հայտնում է մարզպետը։
Բացի այդ, վնասազերծված ԱԹՍ-ներից մեկն ընկնելիս վնասել է բնակելի շենքի վերին հարկերի ճակատային մասը, իսկ մյուսի բեկորներն ընկել են Լենինի պողոտայում, ինչի հետևանքով կոտրվել են բազմաբնակարան շենքի մի քանի բնակարանների ապակիներ, վնասվել են ավտոմեքենաներ:
Ինչպես նշել է Գուսևը, Բերյոզովայա ռոշչա փողոցում և Լենինի պողոտայում ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով տուժածներ չկան: Տարածքը, որտեղ ընկել են անօդաչուների բեկորները, կուսումնասիրեն մասնագետները։ Մինչ բնակելի շենքերի տարածքում աշխատում են օպերատիվ ծառայությունները, բակերում հաշվում են ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով վնասված մեքենաների քանակը։