ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Վերին Լարսի անցակետը բացվել է նաև բեռնատարների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Նշենք, որ Վերին Լարսն այս գիշեր ժամը 01։00-ից մինչև առավոտյան 10։00-ն չի գործել, որովհետև տեխնիկական վերազինման աշխատանքներ են իրականացվել։ Այսօր` ժամը 11-ի սահմաններում, հայտնի դարձավ, որ անցակետում թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար աշխատանքը վերականգնվել է։
«Քիչ առաջ վերականգնվեց նաև բեռնատար տրանսպորտային միջոցների սպասարկումը»,– ասաց Հակոբյանը:
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: