ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի վարկանիշն ընկել է։ Այս մասին ասաց «Գելլափ» միջազգային հետազոտական կենտրոնի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արման Նավասարդյանը` ներկայացնելով Երևանի հիմնախնդիրների վերաբերյալ կատարված հարցումների արդյունքները։
Երևանցիները Ավինյանի աշխատանքը գնահատել են 5–բալանոց սանդղակով, և նա ընդամենը 2.6 բալի է արժանացել։
Հարցին` արդյոք Ավինյանը պետք է շարունակի պաշտոնավարումը, թե հրաժարական տա, 32.6 տոկոսը պատասխանել է` միանշանակ պետք է հրաժարական տա, 11.4 տոկոսն էլ ասել է` միանշանակ պետք է շարունակի պաշտոնավարումը։
Մայրաքաղաքի բնակիչները գնահատել են նաև վարչական շրջանների ղեկավարների գործունեությունը։
«Ամենաբարձր գնահատականը ստացել են Քանաքեռ–Զեյթուն և Շենգավիթ վարչական շրջանների ղեկավարները` 3.9 բալ, Նուբարաշենում գնահատել են 3.7, Մալաթիա– Սեբաստիայում` 3.6, Նորք Մարաշում և Ավանում` 3.5 բալ։ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատանքը գնահատվել է 3.4 բալ, իսկ Արաբկիրում, Նոր Նորքում և Աջափնյակում` 3.3 բալ, Դավթաշենում էլ 3.2 բալ են գնահատել։ Ամենադժգոհը եղել են Կենտրոնի բնակիչները, նրանք վարչական ղեկավարի աշխատանքը գնահատել են 2.7 բալ։ Կենտրոնի թաղապետը մոտ 2 ամիս է, ինչ նշանակվել է այդ պաշտոնին, չեմ բացառում, որ դրանով է պայմանավորված ցուցանիշը»,– ասաց Նավասարդյանը։
Ինչ վերաբերում է ավագանու խմբակցություններին, ապա հարցման մասնակիցներն ամենից շատ դժգոհել են «Հանրային ձայն» և «Մայր Հայաստան» խմբակցությունների աշխատանքից, մեծ մասը գոհ է եղել «Քաղաքացիական պայմանագրից»։
Հարցման համաձայն` Երևանի բնակիչները դժգոհ են, որ մայրաքաղաքում նոր շենքերի կառուցման համար բազմաթիվ շինթույլտվություններ են տրամադրվում։
Երևանցիների 34.6 տոկոսը ընդհանրապես բացասական է վերաբերվում մեծածավալ շինթույլտվությունների տրամադրմանը, իսկ 18.6 տոկոսը պատասխանել է` «ավելի շուտ բացասական»։ Լիովին դրական է համարել հարցվածների 17.8 տոկոսը, իսկ 4 տոկոսը դժվարացել է պատասխանել։