ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Եթե Արևմուտքը կարծում է, որ կարող է Ռուսաստանին Ուկրաինայի հարցով երկար բանակցային գործընթացի մեջ ներքաշել և այնպիսի սցենար խաղարկել, որի արդյունքում Մոսկվան աստիճանաբար կկորցնի նախաձեռնությունը հատուկ գործողության ընթացքում, ապա չարաչար սխալվում է։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
Նա նշել է` թերևս ժամանակն է, որ Կիևը սկսի մտածել Արևմուտքի «բարի ծառայությունների» արժեքի մասին և սկսի խորհել իր ժողովրդի շահերի մասին։
«Բայց, ցավոք, մենք դեռ հակառակն ենք տեսնում»,- ասել է նա:
Շոյգուն նշել է, որ եվրոպացիները կրկին ամեն կերպ խոչընդոտում են ուկրաինական կարգավորման հարցում իրական առաջընթացի հասնելուն՝ առաջ քաշելով ակնհայտորեն անընդունելի նախաձեռնություններ՝ կոպենհագենյան կամ շվեյցարական ձևաչափերի ոգով:
Նրա խոսքով՝ իրավիճակը մասամբ հիշեցնում է 1878 թվականի Բեռլինի Կոնգրեսը, երբ եվրոպական տերությունները դիվանագիտական մանևրների օգնությամբ փորձում էին չեզոքացնել Թուրքիայի հետ պատերազմի ընթացքում Ռուսաստանի ձեռքբերումների մեծ մասը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։