Փոքր Վեդիում սպանության փորձի համար քրեական վարույթ է նախաձեռնվել. մանրամասներ

Վիճաբանության ընթացքում 26–ամյա երիտասարդը 32–ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր կրած ապօրինի զենքից՝ օդաճնշիչ ատրճանակից, մեկ անգամ կրակել է 32–ամյա տղամարդու կրծքավանդակի հատվածին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Փոքր Վեդիի գարեջրատներից մեկում օգոստոսի 4–ին հրաձգության և սպանության փորձի համար նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հրաձգություն է տեղի ունեցել Խոր Վիրապի տարածքում։ Փոքր Վեդիի Հովհաննիսյան փողոցի գործող գարեջրատանը ծննդյան տարեդարձ է եղել, որտեղ մի խումբ երիտասարդներ վիճել են։ Ա.Կ-ն օդամղիչ ատրճանակով կրակել է Վ.Բ-ի կրծքավանդակին։ Իրավապահները փնտրում են Ա.Կ-ին։
ՔԿ–ից հայտնում են, որ օգոստոսի 4–ին՝ ժամը 00:30–ի սահմաններում, Փոքր Վեդի բնակավայրում գործող գարեջրատանը ծննդյան առիթի ժամանակ վիճաբանություն է սկսվել Արարատի մարզի 32–ամյա բնակչի և նույն մարզի 26–ամյա բնակչի միջև։ Վերջինս իր կրած ապօրինի զենքից՝ օդաճնշիճ ատրճանակից կրակել է և ծանր վիրավորում հասցրել 32–ամյա բնակչին ու հեռացել դեպքի վայրից։ Նրա կյանքը «Էրեբունի բժշկական կենտրոնում» հնարավոր է եղել փրկել։
26–ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297–րդ հոդվածի 3–րդ մասով (խուլիգանություն` տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով), 44–155–րդ հոդվածի 1–ին մասով (սպանության հանցափորձ) և 334–րդ հոդվածի 1–ին մասով (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը) հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը և հայտարարվել է հետախուզում։
Նախաքննությունը շարունակվում է։
Shamshyan.com-ը հայտնում է, որ Ա. Կ-ն Վեդի խոշորացված համայնքի ավագանու անդամ է, Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի մտերիմներից է, իսկ նրա տանը քննիչները հայտնաբերել են 2 ատրճանակ, որոնք քննիչի կողմից առգրավվել են: