ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում իրավիճակը պայթյունավտանգ է, և մեծ պատերազմի վտանգ կա։ Այս ֆոնին տարածաշրջանային դերակատարները փորձում են սլաքները ճիշտ ուղու վրա դնել և հասկանալ միմյանց դիրքորոշումները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` մեկնաբանելով Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի` Իրան և Ադրբեջան կատարած այցերը։
Փորձագետի խոսքով` ակնհայտ է, որ Ռուսաստանն ու Իրանը գնում են ռազմավարական–ռազմաքաղաքական դաշինքի ձևավորման, երկու երկրներն էլ ստորագրման են պատրաստում համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը։ Հաշվի առնելով ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի նախորդ պաշտոնը (խոսքը պաշտպանության նախարարի գործունեության մասին է)՝ չի կարելի բացառել նաև այն, որ Իրանը Ռուսաստանից ակնկալում է մի շարք սպառազինությունների և ռազմական տեխնիկայի մատակարարում:
Հնարավոր է` Թեհրանը նաև հետախուզական տվյալներ կամ հետախուզական տվյալների փոխանակում է ակնկալում Մոսկվայից։ Արևմուտքի հետ առճակատման և Ուկրաինայում իրականացվող ռազմական հատուկ գործողության պայմաններում ՌԴ–ին պետք չէ ևս մեկ լայնածավալ էսկալացիա հենց կողքին։ Չնայած ուկրաինական սյուժեով զբաղված լինելուն` Մոսկվան շարունակում է կենսական հետաքրքրություններ ունենալ Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում։
Ինչ վերաբերում է Շոյգուի` Բաքու կատարած այցին, ապա, մեր զրուցակցի խոսքով, Ռուսաստանի համար Ադրբեջանի հետ հարաբերությունները կարևոր են մի շարք պատճառներով: Չպետք է բացառել նաև այն վարկածը, որ Իրանը Ռուսաստանի միջոցով ցանկացել է Ադրբեջանին զգուշացնել, որ չաջակցի Իսրայելին` հաշվի առնելով Բաքվի և Թել Ավիվի բավական զգայուն և յուրահատուկ հարաբերությունները: Հակոբյանի խոսքով` Իրանը ցանկանում է, որ Ադրբեջանը եթե ոչ լոյալ, ապա գոնե չեզոք դիրքորոշում որդեգրի Իսրայելի հետ խոշոր էսկալացիայի դեպքում։ Հնարավոր է` Շոյգուն հենց այդ ուղերձներով է Թեհրանից մեկնել Բաքու։
Խոսելով տարածաշրջանային լարվածության ֆոնին Հայաստանի պահվածքի մասին` փորձագետն արձանագրում է ոչ այնքան լավատեսական մի միտում։ Ըստ նրա` մինչ հարևանները փորձում են իրենց ապահովագրել տարածաշրջանային էսկալացիայից, դաշինքներ են ձևավորում և փորձում են համաձայնեցնել միմյանց դիրքորոշումները, Հայաստանի իշխանությունները երկարատև արձակուրդների են գնացել, իսկ առաջին դեմքերը հեծանիվ են քշում և առողջ ապրելակերպ քարոզում: Հակոբյանը նկատի ունի վարչապետ Փաշինյանի հեծանվավազքը, որի տեսանյութերը կառավարության ղեկավարն ակտիվ տարածում է սոցիալական ցանցերի իր էջերում:
«Հայաստանը տարածաշրջանային տուրբուլենտության պայմաններում պասիվ դիտորդի կարգավիճակում է։ Իշխանությունները միայն PR-ով են զբաղված, և այդ ամենն արվում է ներքին լսարանի համար։ Նրանք փորձում են պատկերն իրենց հանրությանը ներկայացնել այնպես, որ ամեն ինչ լավ է, Հայաստանի անվտանգությանը որևէ բան չի սպառնում, և ՀՀ իշխանություններն էլ ոչ միայն կարող են ամիսներով արտասահմանում լինել, այլև վայելել ամառային արձակուրդները հեծանիվ քշելով»,– ասում է քաղտեխնոլոգը։
Նրա կարծիքով՝ իրականում իշխանությունները վաղուց են հասկացել, որ իրենք այդ մեծ խաղին չեն մասնակցում, ոչինչ չեն որոշում, իրենցից ոչինչ կախված չէ։ Արևմուտքը, Ռուսաստանն ու Իրանն էլ վաղուց դադարել են ՀՀ ղեկավարությանը գործոն և սուբյեկտ համարել։