ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Առավոտյան ժամը 8-ին Ուկրաինայի ԶՈւ-ն գրոհել է ՌԴ պետական սահմանը պահպանող ստորաբաժանումների դիրքերը Կուրսկի մարզի Նիկոլաևո-Դարյինո և Օլեշնյա բնակավայրերի շրջաններում, հայտնում է Ռուսաստանի ՊՆ-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուկրաինական ուժերը փորձել են ներխուժել Կուրսկի մարզ, սակայն հետ են շպրտվել:
«Այսօր առավոտյան՝ Մոսկվայի ժամանակով ժամը 8: 00-ից, կրակային պատրաստությունից հետո, Ուկրաինայի զինված ուժերը 22-րդ մեքենայացված բրիգադի կազմից մինչև 300 զինյալների ներգրավմամբ և 11 տանկերի և ավելի քան 20 մարտական զրահապատ մեքենաների աջակցությամբ գրոհել է Ռուսաստանի Դաշնության Պետական սահմանի պահպանության ստորաբաժանումների դիրքերը Կուրսկի մարզի Նիկոլաևո-Դարյինո և Օլեշնյա բնակավայրերի շրջաններում, որոնք անմիջականորեն հարում են ռուս-ուկրաինական սահմանին», - ասվում է հաղորդագրության մեջ:
ԱԹՍ-երի հարձակման հետևանքով խաղաղ քաղաքացիների շրջանում կան զոհեր: Կուրսկի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հայտնել է, որ Կոմարովկա գյուղում զոհվել է ավտոմեքենայի վարորդը, իսկ Նեխաևկա գյուղի մոտակայքում՝ միկրոավտոբուսի վարորդը: Առավոտյան Սուջի քաղաքի գնդակոծության հետևանքով կին է զոհվել։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ տարածքները, մասնավորապես ՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը