Գազայի հատվածը պետք է վերադառնա Պաղեստինի օրինական իշխանությունների վերահսկողությանը․ Աբաս

Մահմուդ Աբաս
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կտրականապես դեմ է իսրայելական ծրագրերին, որոնք ժամանակավոր լուծումներ են նախատեսում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Գազայի հատվածը պետք է հանձնվի Պաղեստինի օրինական իշխանությունների կառավարմանը։ Այս հայտարարությունն արել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։
«Գազայի կառավարումը պետք է իրականացվի ՊԱԿ-ի (Պաղեստինի ազատագրման կազմակերպության) և Պաղեստինի օրինական կառավարության հովանու ներքո։ Մենք վճռականորեն դեմ ենք իսրայելական ծրագրերին, որոնք ինչ-որ ժամանակավոր լուծումներ են նախատեսում»,-ասել է նա։
ՊԱԿ-ում առաջատար դեր է խաղում Աբասի ՖԱԹՀ շարժումը, որը Պաղեստինի ազգային վարչակազմի ինստիտուտների միջոցով ղեկավարում է Հորդանան գետի Արևմտյան ափը՝ հակամարտության մեջ լինելով ՀԱՄԱՍ-ի իսլամիստների հետ, որոնք 2007 թվականի հեղաշրջումից ի վեր վերահսկում էին Գազայի հատվածը:
Աբասը հայտարարել է, որ ՊԱԿ-ը պատրաստ է միանալ Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններին։
«Դրան կարելի է հասնել քաղաքական լուծում մշակելու ճանապարհով, ոչ թե ուժային մեթոդներով, ինչպես դա տեղի է ունենում ներկայիս բանակցությունների շրջանակում։ Ընդ որում` մենք աջակցում ենք կրակի դադարեցման, մարդասիրական օգնություն հասցնելու, փախստականներին իրենց տներ վերադարձնելու, Գազայի հատվածից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերման և պաղեստինյան իշխանությունների կողմից անկլավի տարածքում իրենց գործառույթների կատարմանն ուղղված ցանկացած ջանքերին, ինչպես դա տեղի է ունենում Արևմտյան ափին»,- ասել է նա։
Իսրայելի ղեկավարները բազմիցս խոսել են Գազայի հատվածի նկատմամբ ռազմական վերահսկողությունը տեսանելի ապագայում պահպանելու ցանկության մասին՝ քաղաքացիական գործերը փոխանցելով ՀԱՄԱՍ-ի հետ կապ չունեցող պաղեստինյան ուժերին։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելն էլ ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողություն սկսեց, որը շարունակվում է մինչ օրս։