ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Դիլիջանում օգոստոսի 5–ին 51–ամյա Արթուր Ուլիխանյանի սպանության հասցրած անձն այսօր հայտնաբերվել և ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի մարզի Դիլիջանի անտառներից մեկում սպանություն է տեղի ունեցել. մահացածը մարզի բնակիչ 51-ամյա Արթուր Ուլիխանյան է։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության մարզային վարչությունը ժամը 12:50-ի սահմաններում «Դիլիջան» ԲԿ–ից ահազանգ է ստացել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ քաղաքացին իրենց մոտ է տեղափոխել մի տղամարդու, որը, գտնվելով ծայրահեղ ծանր վիճակում` մահացել է` գիտակցության չգալով։
Ոստիկանությունից նշում են, որ 51-ամյա Արթուր Ուլիխանյանին հիվանդանոց տեղափոխած, Դիլիջանի բնակիչ 41-ամյա Արսեն Ս.–ն ձերբակալվել է և տեղափոխվել Դիլիջանի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Պարզվել է, որ սպանության դեպքը տեղի է ունեցել մարզադպրոցի հարակից տարածքում, որտեղ տաղավարի սեղանին հայտնաբերվել են օղիով լցված բաժակներ, արնանման հետքեր, իսկ գետնին՝ դանակ:
«Վերոհիշյալ տաղավարում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 38-ամյա Վահագ Հ.-ն դանակով հարվածել է դիլիջանցի 46-ամյա Հարություն Ղ.-ին, ինչից հետո վերջինս նույն դանակով հարվածել է Արթուր Ուլիխանյանին և Վահագ Հ.-ին: Արթուր Ուլիխանյանին պատճառված վնասվածքը կյանքի հետ անհամատեղելի էր»,– ասված է հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 5-ին ժամը 19.12-ին հաղորդում է ստացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի ծակած-կտրած վերքով բուժօգնության էր տեղափոխել միջադեպի մասնակից, Դիլիջանի բնակիչ Հարություն Ղ.–ին:
Ոստիկանությունից տեղեկացնում են նաև, որ օգոստոսի 6-ին` գիշերը ժամը 1-ին, Երևանի իր բնակության վայրում հայտնաբերվել, ձերբակալվել և Դիլիջանի բաժին է տեղափոխվել Վահագ Հ.-ն: Բաժնում նա հայտնել է, որ միջադեպի ընթացքում վնասվածքներ է ստացել. նրա մարմնի տարբեր մասերում հայտնաբերել են քերծված, ծակած-կտրած վերքեր:
Նշվում է, որ կազմված բոլոր փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: