ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը Աստանայում ստորագրել են էներգետիկ համակարգերի միավորման նախագծի վերաբերյալ եռակողմ հանդիպման արդյունքներով արձանագրություն: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ադրբեջանի Էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունից:
«Կենտրոնական Ասիայի երկրների էներգետիկայի նախարարների առաջին նիստին մասնակցել է Բաքվի պատվիրակությունը՝ Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Օրհան Զեյնալովի գլխավորությամբ: Վերջինս ելույթների ընթացքում ներկայացրել է, որ COP 29 համաժողովի շրջանակներում նախատեսվում են «կանաչ էներգիային» անցնելու բարձր մակարդակի նախաձեռնություններ, ներառյալ Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի էներգետիկ ներդրումների ֆորումի անցկացումը»,-հայտնել են նախարարությունում:
Ադրբեջանական գերատեսչության տվյալներով՝ եռակողմ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջան-Կենտրոնական Ասիա-Եվրոպա «կանաչ էներգետիկ» միջանցքի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքներն ու նախանշվող քայլերը:
Կողմերը համաձայնեցրել են «կանաչ էներգիայի» ոլորտում ռազմավարական գործընկերության համաձայնագրի նախագիծը, հաստատել նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման տեխնիկական առաջադրանքը:
Իտալական CESI ընկերությունը ընտրվել է տեխնիկատնտեսական հիմնավորման (ՏՏՀ) մշակող։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ստեղծելու ազգային էներգետիկ ընկերությունների մասնակցությամբ համատեղ ձեռնարկություն: