Բանգլադեշի նախագահը ցրել է երկրի խորհրդարանը. ԶԼՄ

Բանգլադեշ
Որոշումը կայացվել է հրամանատարների հետ քննարկումից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Բանգլադեշի նախագահ Մոհամմեդ Շահաբուդինը ցրել է երկրի խորհրդարանը։ Տեղեկությունը հայտնում է «Daily Star» թերթը՝ հղում անելով նախագահի գրասենյակին:

«Նախագահը խորհրդարանը ցրելու որոշումն ընդունել է զինված ուժերի հրամանատարների, տարբեր քաղաքական կուսակցությունների առաջնորդների, քաղհասարակության ներկայացուցիչների և «Խտրականության դեմ ուսանողական շարժում» կազմակերպության առաջնորդների հետ քննարկումից հետո»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում և ամբողջ երկրում բողոքի ցույցեր են սկսվել իշխանությունների հետ «չհամագործակցության ակցիայի» մասին հայտարարությունից հետո։ Ակցիայի մասին օգոստոսի 4-ին հայտարարել է «Խտրականության դեմ ուսանողական շարժում» կազմակերպությունը: Հազարավոր ցուցարարներ հարձակվել են վարչապետի նստավայրի վրա, մեքենաներ հրկիզել և բախումներ սկսել ոստիկանության հետ։ Նրանք պահանջում էին, որ վարչապետը լքի իր պաշտոնը։
Օգոստոսի 5-ին Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան և նրա քույրը անկարգությունների ֆոնին լքել են մայրաքաղաք Դաքքայում գտնվող պաշտոնական նստավայրը և հեռացել ավելի անվտանգ վայր։ ԶԼՄ-ների տվյալներով՝ Հասինան մեկնել է Հնդկաստան և ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից։
Բանգլադեշի կառավարությունը Դաքքայում և երկրի այլ խոշոր քաղաքներում պարետային ժամ է սահմանել տեղական ժամանակով 18։00-ից մինչև հատուկ կարգադրություն։
Ցուցարարները գրավել են Բանգլադեշի վարչապետի նստավայրը. լուսանկարներ