Աշնանը Մարությանի կուսակցությունն ընդդիմությունից անկախ քայլեր կսկսի. «Ժողովուրդ»

Հայկ Մարությանը. Արխիվային լուսանկար
Հայկ Մարությանի կուսակցությունը սեպտեմբերից նախատեսում է մարզեր այցելել ու հանդիպել բնակիչների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Նորաստեղծ «Նոր ուժ» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը աշնանն ընդդիմությունից անկախ գործողություններ կսկսի։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ավելի վաղ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարել էր, որ սեպտեմբերից վերսկսելու է փողոցային պայքարը, ակցիաներ ու հանրահավաքներ է կազմակերպելու։
«Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի նորաստեղծ «Նոր ուժ» կուսակցությունը ընդդիմությունից առանձին ևս գործողություններ է մեկնարկելու: Մեր տեղեկություններով՝ Հայկ Մարությանը, որն այս օրերին քաղաքական դաշտում չի երևում, երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հազվադեպ է դիրքորոշում հայտնում, նախատեսում է սեպտեմբերից մարզեր այցելել իր թիմակիցներով հանդերձ ու հանդիպել բնակիչների հետ»,– գրում է թերթը:
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար, «Նոր ուժ» կուսակցության անդամ Գրիգոր Երիցյանը հաստատել է այդ լուրը և հավելել` պատրաստվում են կուսակցությունը զարգացնել, նոր մարդկանց ներգրավել, մարզային կառույցներ ստեղծել։
Թերթի հետ զրույցում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը աջակցելու մասին էլ Երիցյանը շեշտել է` այդ շարժման անդամները մտադիր չեն արտահերթ ընտրությունների գնալ, իսկ իրենք ստեղծված քաղաքական ճգնաժամի լուծումը տեսնում են արտահերթ ընտրություններով։ Բացի այդ, ըստ Երիցյանի, շարժման մեջ կան մարդիկ, որոնք իրենց համար անընդունելի են:
Հիշեցնենք, որ Հայկ Մարությանի կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է ունեցել մայիսի 1-ին: