Արցախահայերի վերադարձի հարցում կա միջազգային աջակցություն. Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարարը վստահ է, որ եթե արցախահայերի վերադարձի հարցը բանակցային օրակարգ բերվի, միանշանակ աջակցություն կստանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Եթե Երևանը բարձրաձայնի արցախահայերին բանակցությունների օրակարգ վերադարձնելու հարցը, կհանդիպի միջազգային հանրության լիակատար աջակցությանը։ Այս հարցում համոզված է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը, հիշեցնենք, գլխավորում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեն։ Կոմիտեի գլխավոր նպատակը շարունակում է լինել Լեռնային Ղարաբաղի հայերի հավաքական հայրենադարձությունը՝ անվտանգության միջազգային երաշխիքների ներքո։ Խմբի կազմում ընդգրկված են Հայաստանում հայտնի դիվանագետներ, իրավաբաններ, իրավապաշտպաններ, ինչպես նաև սփյուռքի ներկայացուցիչներ:
Բանակցությունների սեղանին պետք է դրվի արցախցիների հայրենադարձության հարցը. Օսկանյան
Սոցիալական ցանցերում հրապարակված տեսաուղերձում Օսկանյանը նշել է, որ կոմիտեի գործունեության 5 ամիսների ընթացքում իր ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Մոսկվայում, Փարիզում, Բրյուսելում, ԱՄՆ մի շարք քաղաքներում: Իսկ հուլիսի կեսերին Օսկանյանը և ևս երկու գործընկերներ եղել են Ժնևում և Բեռնում։ Շվեյցարիայում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ամենամյա նիստը: Օսկանյանի խոսքով՝ հանդիպումներ են եղել տարբեր երկրների, ՄԱԿ-ի կառույցների ներկայացուցիչների, շվեյցարացի պաշտոնյաների, հայկական սփյուռքի կառույցների հետ:
«Հանդիպումները բավականին արդյունավետ էին, և կա ընդհանուր ըմբռնում, որ պետք է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձն իրենց հայրենի տներ՝ միջազգային երաշխիքների ներքո»,- ասում է նախկին նախարարը:
Նա արձանագրում է, որ արցախահայության խնդիրը լսելու պատրաստակամություն ու ցանկություն կա աշխարհում, և կոմիտեի դիրքորոշումը միջազգային կառույցների կողմից բավական լուրջ է ընկալվում։
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ եթե Հայաստանը բանակցային օրակարգ մտցնի Արցախի հայերի վերադարձի հարցը՝ միջազգային երաշխիքների ներքո, ապա միանշանակ կհանդիպի միջազգային աջակցության»,- նշում է նա՝ հիշեցնելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի վերջերս տված հարցազրույցը, որտեղ եվրոպացի դիվանագետն ասում էր, որ Ադրբեջանը հայերին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու պարտավորություններ ունի:
Օսկանյանի խոսքով՝ Կլաարի հայտարարությունն ամբողջությամբ արտացոլում է միջազգային տրամադրվածությունն այդ հարցում։