ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Երևան–Մեղրի ավտոճանապարհին` Վայոց Ձորի մարզի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում «Mercedes-Benz» մակնիշի կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհն էլ դարձել է միակողմանի երթևեկելի, 2 անձ էլ տուժել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին, ժամը 12:20-ին։
«Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 143-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1964 թ․) կողաշրջվել է, առկա է դիզելային վառելիքի արտահոսք. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Փրկարարները վարորդին և ուղևոր Մ․ Հ․-ին (ծնված 1989 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար»,– ասված է հաղորդագրությունում։
Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։