Ճապոնիայի երեք խոշորագույն առևտրային բանկերի բաժնետոմսերը նվազում են 13-15 տոկոսով

Տոկիո
Տոկիոյի բորսայում փլուզումը տեղի դիտորդները բացատրում են ԱՄՆ-ում հնարավոր ռեցեսիայի հետ կապված մտավախություններով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Ճապոնիայի երեք խոշորագույն առևտրային բանկերի (որոնք «մեգաբանկեր» են անվանում) բաժնետոմսերը երկուշաբթի օրվա աճուրդի ընթացքում 13-15 տոկոսով նվազել են Տոկիոյի Nikkei ֆոնդային բորսայի (ՏՖԲ) գլխավոր ինդեքսի ավելի քան 5 տոկոսով անկման ֆոնին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հիմնվելով աճուրդների տվյալների վրա։
Այսպես, Mitsubishi UFJ Financial Group-ի արժեթղթերի արժեքը տեղական ժամանակով ժամը 10:12-ի դրությամբ (Երևանի ժամանակով ժամը 04:12-ին) նվազել է 13,91 տոկոսով: Այս կորպորացիայի բաժնետոմսերի առևտուրն ամենամեծն է բոլոր ապրանքային և ֆոնդային բորսաներում երկուշաբթի առավոտյան:
Sumitomo Mitsui Financial Group-ի թղթերի արժեքը 15,27 տոկոսով է նվազել։ Նրանք աճուրդի ծավալով երկրորդ տեղն են զբաղեցնում բորսայում։ Mizuho Financial Group-ը 13,55 տոկոս անկում է ցույց տալիս:
Տոկիոյի բորսայում փլուզումը տեղական դիտորդները բացատրում են ԱՄՆ-ում հնարավոր ռեցեսիայի հետ կապված մտավախություններով. այնտեղ աշխատաշուկայի վերաբերյալ վիճակագրական տվյալներն օգոստոսի 2-ին շուկայի սպասումներից ցածր են եղել:
Տոկիոյում գնանշումների անկումը շարունակվում է անցյալ ուրբաթ օրը տեղի ունեցած փլուզումից հետո, երբ ԱՄՆ արդյունաբերության վիճակի մասին հուլիսյան թույլ վիճակագրական տվյալների ֆոնին Nikkei-ն նվազել էր 5,8 տոկոսով: Այն ժամանակ դա ԱՖԲ-ի երկրորդ ամենամեծ միանվագ անկումը դարձավ բորսայի ամբողջ պատմության ընթացքում։ Nikkei-ը ավելի շատ նվազել էր միայն 1987 թվականի հոկտեմբերին։
Բացի այդ, օգոստոսի 2-ին հրապարակված տվյալների համաձայն` հուլիսին ամերիկյան տնտեսությունում ընդամենը 114 հազար աշխատատեղ է ավելացել, իսկ գործազրկությունն աճել է` հասնելով 4,3 տոկոսի: Ներդրողները վախենում են, որ դա կարող է վկայել ԱՄՆ-ում ռեցեսիայի վտանգի մասին։
Գնանշումների նվազման ևս մեկ գործոն է ազգային արժույթի ամրապնդումը, որը ձեռնտու չէ խոշոր արտահանողներին։ Երկուշաբթի օրը փոխարժեքը կազմում է 1 դոլարի դիմաց մոտ 145,5 իեն, ինչը ամենացածր մակարդակն է հունվարի կեսերից ի վեր: