Ծայրահեղ իրավիճակ է. Սիյարտոն՝ Իրանի և Իսրայելի գործընկերների հետ խոսելուց հետո

Պետեր Սիյարտոն նշել է, որ Հունգարիայի դիրքորոշումը միտված է տարածաշրջանային խոշոր պատերազմը կանխելուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի և Իրանի ԱԳ նախարարների հետ, և արդյունքում հաստատվել է, որ Մերձավոր Արևելքում ճգնաժամային իրավիճակը սրման եզրին է: Այս մասին նա գրել է սոցցանցում։
«Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել իսրայելցի գործընկեր Իսրայել Կացի և իրանցի գործընկեր Ալի Բաղերի Քանիի հետ, որոնց հետ խոսակցությունը, ցավոք, ևս մեկ անգամ հաստատել է, որ իրավիճակը ծայրաստիճան սրված է», - գրել է Սիյարտոն:
Սիյարտոյի խոսքով՝ Հունգարիայի դիրքորոշումն այն է, որ թույլ չտա Իսրայելի վրա ևս մեկ հարձակում՝ ինչպես անցյալ տարվա հոկտեմբերին, և, միևնույն ժամանակ, անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի կանխվի խոշոր տարածաշրջանային պատերազմը:
«Եթե մերձավորարևելյան ներկայիս ճգնաժամը տարածվի դեպի ևս մեկ երկիր, այնտեղ կանգ չի առնի, այդ դեպքում հակամարտությունը հեշտությամբ կարող է վերաճել տարածաշրջանային պատերազմի, որը կարող է գլոբալ անվտանգային սպառնալիք դառնալ»,–ընդգծել է Սիյարտոն՝ կոչ անելով միջազգային հանրությանը կենտրոնանալ էսկալացիայի կանխարգելման վրա:
Հիշեցնենք` Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց անմիջապես հետո Իսմայիլ Հանիան և նրա թիկնապահը սպանվել են Հանիայի` Թեհրանում գտնվող կեցավայրում։ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը սպանվել է հրթիռի ուղիղ հարվածի հետևանքով։ ՀԱՄԱՍ-ը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրել է Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարել, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա: