ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ստամբուլի բորսայի BIST 100 հիմնական ինդեքսը նվազել է գրեթե 7%–ով՝ չնայած երկրում կտրուկ նվազած գնաճի մասին տվյալների հրապարակմանը: Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին են վկայում բորսայի տվյալները։
Նշվում է, որ BIST 100 ինդեքսը նվազել է 7,07%–ով՝ հասնելով 9733 կետի, ինչից հետո աճուրդը մեխանիկորեն դադարեցվել է: Ամենաշատը նվազել են բանկերի բաժնետոմսերի արժեքները՝ ավելի քան 7,7%:
Ամսվա ընթացքում BIST 100-ի ինդեքսը նվազել է ավելի քան 10%-ով, իսկ տարեսկզբից աճը կազմել է ավելի քան 30%:
Վիճակագրության բյուրոն (TÜİK) այսօր տեղեկացրել է, որ Թուրքիայում տարեկան գնաճը կտրուկ նվազել է (գրեթե 10 տոկոսային կետով), հուլիսի արդյունքներով՝ մինչև 61,78 տոկոս՝ հունիսի 71,6 տոկոսից։
Միաժամանակ Թուրքիայի կենտրոնական բանկը հուլիսի վերջին կայացած նիստի արդյունքներով առանցքային տոկոսադրույքն անփոփոխ էր թողել (50 տոկոսի մակարդակում)։ Արդեն չորս ամիս է` տոկոսադրույքը չի փոխվում։