Խաղաղության պայմանագրի վերջնագծին հասնելու համար քաղաքական կամք է պետք․ Տոյվո Կլաար

Տոյվո Կլաար
ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ կարգավորման համատեքստում պետք է դիտարկվի նաև Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձի իրավունքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված է, վերջնագծին հասնելու համար քաղաքական կամք է անհրաժեշտ: Jam.news-ի հետ հարցազրույցում այս հայտարարությունն է արել Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Ըստ նրա՝ վերջնական համաձայնությունը հասանելի հեռավորության վրա է:
«Խաղաղության պայմանագիրը և դրա հետագա իրականացումը հիմնովին կփոխեն տարածաշրջանի իրավիճակը: Կարծում եմ, որ առաջնորդներն էլ այս տեսակետն ունեն և կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ ջանքերը այս հարցի շուրջ վերջնական համաձայնության հասնելու համար»,- ասել է Կլաարը։
Միաժամանակ նա նշել է, որ գործընթացը դեռևս փխրուն է։ Դրա ապացույցներից է այն, որ Միացյալ Թագավորությունում վերջերս կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն կարողացել հանդիպել։
Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան բարձր մակարդակի նոր հանդիպումներին, Կլաարը շեշտել է՝ ԵՄ-ն պատրաստ է կրկին միջնորդի դեր ստանձնել, երբ կողմերը դիմեն այդ հարցով:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նաև հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կլինեն հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս, և որ Բաքվի և նրանց միջև ուղիղ բանակցություններ կլինեն իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ:
«Ադրբեջանն այս առումով պարտավորություն ունի, որից, ինչպես ինձ է թվում, չի հրաժարվում»,- ասել է Կլաարը։
Նրա խոսքով՝ երբեմն այս համատեքստում բարձրացվում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հարցը: Կլաարը շեշտել է՝ իր համար դրանք լիովին տարբեր հարցեր են, որոնք չեն կարող մեկ հարթության վրա դրվել:
«Առաջինը ղարաբաղցի հայերի՝ իրենց նախնիների հայրենիք վերադարձին մղված աջակցությունն է, որը Ադրբեջանի պարտավորությունն է: Երկրորդը Ադրբեջանի այլ մասերում, այդ թվում՝ Բաքվում ապրած հայերի կամ Հայաստանում ապրած ադրբեջանցիների հարցն է»,- ասել է եվրոպացի դիվանագետը։
Նրա կարծիքով՝ նրանք նույնպես պետք է կարողանան այցելել այն վայրեր, որտեղ իրենք կամ իրենց ընտանիքներն ապրել են, կամ նույնիսկ վերադառնալ այնտեղ ապրելու, եթե ցանկանան, և սա նույնպես պետք է լինի կարգավորման արդյունք, բայց դա լիովին այլ հարց է, քան Ղարաբաղի հայերի խնդիրը:
Հիշեցնենք` հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկությունների 10-րդ փաթեթը: Երևանը առաջարկությունների պատասխան փաթեթ է պատրաստում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։