Իրանը նախազգուշացրել է հարձակման մտադրության մասին. Իսրայելի ԱԳ նախարար

Թեհրանը նախազգուշացումը Թել Ավիվին է փոխանցվել Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի միջոցով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Իրանի իշխանությունները Հունգարիայի միջոցով նախազգուշացրել են Իսրայելին հարվածներ հասցնելու մտադրության մասին: Այս մասին գրում է Jerusalem Post թերթը՝ հղում անելով Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացին։
«Իրանը հայտնել է, որ մտադիր է հարձակվել Իսրայելի վրա։ Աշխարհը պետք է Իրանից պատասխան պահանջի ցանկացած ագրեսիվ գործողության համար, որը նա կիրականացնի»,– ասել է նա։
Ըստ ԶԼՄ–ների՝ Թեհրանի նախազգուշացումը Թել Ավիվին է փոխանցվել Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի միջոցով: Վերջինս իր հերթին ուղղակի զանգահարել է Կացին և հայտնել, որ այդ տեղեկությունը ստացել էԻրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերիից:
Ավելի վաղ Սիյարտոն հայտարարել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ: Նրա խոսքով՝ այդ խոսակցությունները հաստատել են, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը սրման եզրին է:
Հիշեցնենք` Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց անմիջապես հետո Իսմայիլ Հանիան և նրա թիկնապահը սպանվել են Հանիայի` Թեհրանում գտնվող կեցավայրում։ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը սպանվել է հրթիռի ուղիղ հարվածի հետևանքով։ ՀԱՄԱՍ-ը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրել է Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարել, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա: