ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Թեհրանը Մերձավոր Արևելքում ձգտում է կայունության, էսկալացիա չի ցանկանում, բայց միաժամանակ վճռական է ագրեսորին պատժելու հարցում՝ հետագա անկայունությունից խուսափելու համար։ Ինչպես տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները, այս հայտարարությունն արել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Ոչ ոք չպետք է կասկածի ագրեսորին պատժելու և սիոնիստական ռեժիմի արկածախնդիր պահվածքի դեմ զսպող գործոն ստեղծելու մեր վճռականությանը»,- ասել է նա։
Քանանին ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունը միջազգային իրավունքի և միջազգային հանրության կողմից հարգված քաղաքական սովորույթների կոպիտ խախտում է:
«Մենք ընդգծում ենք, որ մենք` որպես Իրանի Իսլամական Հանրապետություն, վճռորոշ և անսասան ենք համարում մեր ազգային անվտանգությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մեր իրավունքը»,- ասել է իրանցի պաշտոնյան։
Նրա խոսքով` աշխարհը պետք է դատապարտի այդ հանցագործությունը։ Եվս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանն իրավունք ունի պատժել ագրեսորին միջազգային իրավունքի շրջանակում։
Քանանին հավելել է, որ Իրանը չի կարող անտարբեր լինել իր ազգային անվտանգության, իր ընկերների և դաշնակիցների, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգության նկատմամբ:
Հիշեցնենք` իրանա-իսրայելական էսկալացիայի նոր փուլը սկսվեց Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունից հետո: Իրանը սպանության մեջ մեղադրում է Իսրայելին և հատուցում խոստանում: