Ի՞նչը հանգեցրեց ֆոնդային բորսաների փլուզման. ՀՀ ՊԵԿ նախկին նախագահը նշում է պատճառները

Դավիթ Անանյան
Դավիթ Անանյանի խոսքով` բորսաներում առաջացած խնդիրը համաշխարհային է, միայն Ճապոնիայով չի սահմանափակվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ի 10-ամյա պարտատոմսերի եկամտաբերությունը 4%-ից ցածր է ընկել սպասվածից ավելի թույլ տնտեսական ցուցանիշների, ինչպես նաև աշխատաշուկայի «սառեցման» պատճառով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ պետական եկամուտների նախկին նախագահ Դավիթ Անանյանը` անդրադառնալով ճապոնական և կորեական ֆոնդային շուկաներում տեղի ունեցող իրադարձություններին, կարելի է ասել` փլուզմանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ճապոնիայի երեք խոշորագույն առևտրային բանկերի բաժնետոմսերն այսօրվա աճուրդի ընթացքում 13–15%–ով նվազել են Տոկիոյի «Nikkei» ֆոնդային բորսայի գլխավոր ինդեքսի ավելի քան 5% անկման ֆոնին:
«Խնդիրը համաշխարհային է, միայն Ճապոնիայով չի սահմանափակվում։ Համաշխարհային բոլոր բորսաներում ցուցարկված գրեթե բոլոր բաժնետոմսերն ու պարտատոմսերը գնանկումներ են հայտարարագրում։ Այսօր, օրինակ, ԱՄՆ–ի բորսաներում վաճառքները սկսվել են Երևանի ժամանակով 17։30-ին, բայց նախաառևտրային (pre-trade) իրավիճակը բավականին մեծ գնանկումներ էր նախապես կանխատեսել»,– նշեց Անանյանը։
Ըստ նրա` այս ամենի հիմնական պատճառը իսրայելա–իրանական ընդհարումների (պատերազմի) հավանականությունն է, որի ֆոնին կանխատեսվում է ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կողմից վերաֆինանսավորման դրույքի իջեցում։
«Անցած ուրբաթ` օգոստոսի 1–ին, ամերիկյան ֆոնդային բորսաներում արժեթղթերի առևտուրն ավարտվեց անկումներով, թեև առևտրի մեկնարկին դրանց գնային առաջարկները ցածր մակարդակից մի փոքր բարձր էին: Նման ցնցումների պատճառը և՛ քաղաքական է (պայմանավորված իսրայելա–իրանական հնարավոր ռազմական առճակատման սրացումներով), և՛ տնտեսական (պայմանավորված ԱՄՆ–ի տնտեսության վիճակի վերաբերյալ աճող մտահոգություններով)»,– ասաց ՊԵԿ նախկին նախագահը:
Նա տեղեկացրեց, որ օգոստոսի 1–ին «S&P 500» ֆոնդային ինդեքսն օրն ավարտեց 1․37 % անկումով, իսկ «NASDAQ»–ն ընկավ 2․3 %-ով, երկուսն էլ «սպառեցին» հուլիսի 31–ին ձեռք բերած որոշակի գնաճային բարելավումները։
Ինչ վերաբերում է «Russell 2000» ֆոնդային ինդեքսին, ապա այն ունեցավ իր ամենավատ առևտրային շրջանը՝ վերջին գրեթե վեց ամսվա ընթացքում իջնելով 3․03 %-ով, իսկ «Dow Jones» արդյունաբերական ինդեքսն անկում ապրեց 1․21 %-ով։
«Թեև ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման վերաբերյալ լավատեսությունը մեղմում է իրավիճակի վերաբերյալ անբարենպաստ սպասումների վերաբերյալ կանխատեսումները, այնուամենայնիվ, մասնագետները գտնում են, որ նման դրամավարկային քաղաքականությունը պետք է իրագործվեր դեռևս հուլիսին»,– ընդգծեց Անանյանը:
Նշենք, որ շատ վերլուծաբաններ այսօր տեղի ունեցածը կապում են ԱՄՆ–ում հնարավոր ռեցեսիայի (2 եռամսյակ անընդմեջ բացասական տնտեսական աճ. խմբ.) մտավախություններով. ԱՄՆ աշխատաշուկայի վերաբերյալ վիճակագրական տվյալներն օգոստոսի 2–ին շուկայի սպասումներից ցածր են եղել: Այս առումով գնահատականներ են հնչում, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ–ում մեծ անջրպետ է առաջացել պաշտոնական տվյալների և իրականության միջև:
Այն, ինչ այսօր տեղի ունեցավ ֆոնդային բորսաներում, ոլորտի մասնագետների համար հիմք է հանդիսացել քննարկելու իրադարձությունների զարգացման մի քանի հավանական սցենար։
Հիմնական շեշտադրումն այն է, որ ամեն ինչ փլուզվելու է. տեսադաշտում օգոստոս, սեպտեմբեր ամիսներն են: Այս համատեքստում կփլուզվեն հին համակարգերը, և Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի գլխավորությամբ կգործարկվի նոր ֆինանսական համակարգ. նոր արժութային աշխարհ, նոր համաշխարհային կարգ, գլոբալ փոփոխություններ:
Սցենարներից մեկն էլ քաոսն է` հիմնականում ներքին պատերազմներով Արևմուտքի բոլոր երկրներում։